Հունիսի 1-ը Գոյում
Հունիսի 1-ը Գոյում
Հունիսի 3, 2016
Տեսնել ամբողջը

Սուրբ յոթնյակ

1

Կ լինիկական հոգեբանության մեջ դասական հոգեսոմատիկ հիվանդությունները կամ փսիխոմատոզները հայտնի են <<սուրբ յոթնյակ>> կամ <<չիկագյան յոթնյակ>> անվանումներով /F54/: Դրանք են` էսենցիալ հիպերտոնիան, տասներկումատնյա աղիքի խոցը,խոցային կոլիտը,բրոնխիալ ասթման,շաքարային դիաբետը, նեյրոդերմիտը,ռևմատոիդ արտրիտը:

    1. Շնչառական համակարգի խանգարումներ

Շնչառությունը ոչ միայն ֆիզիոլոգիական վիճակ է, այլև ես-ի վիճակ: Շնչառությունը շատ զգայուն է հույզերի հանդեպ և արտահայտում է տվյալ պահին մարդու հոգեվիճակը: Բացի այդ՝ շնչառության միջոցով հավասարակշռություն է հաստատվում անհատի և միջավայրի միջև: Շնչառական համակարգը յուրահատուկ է նրանով, որ այն միակ ֆունկցիան է, որն անհատը սկսում է իրականացնել ծնվելուց հետո միայն: Մնացած ֆունկցիաները ձևավորվում են ներարգանդային շրջանում:

Այսպիսով, առանձնանալով մոր օրգանիզմից ,անհատն առաջին հերթին շնչում է, որն արտահայտվում է լացի ձևով և դա, ըստ էության, ինքնուրույն կյանքի առաջին դրսևորումն է: Շնչառական համակարգի հոգեսոմատիկ խանգարումներից է բրոնխիալ ասթման: Ասթման ձգտումն է դեպի մայրը, որն արտահայտվում է շնչառության պաթոլոգիկ փոփոխություններով: Դրանք առաջին հերթին վկայում են տագնապի մասին, անգիտակցական մակարդակում` վախ սիրո կորստի կամ կաստրացիայի վախ, իսկ գիտակցական մակարդակում այն տրանսֆորմացվում է շնչահեղձ լինելու վախի: Ասթմատիկ նոպաները օգնության կանչ են` ուղղված մորը, քանի որ մայրը մարդու կյանքի առաջին օրերի հզորության էտալոնն է: Ասթման և ալերգիան պայմանավորող հիմնական գործոնն անգիտակցական կոնֆլիկտն է անհատի և արտաքին աշխարհի միջև: Այլ կերպ ասած՝ կոնֆլիկտի հիմքում ընկած է մորից կախվածությունը: Արդյունքում նոպան հակազդումն է, որն առաջանում է մորից բաժանվելու արդյունքում: Ասթմատիկ նոպան անգիտակցական մակարդակում արտահայտում է ճնշված լաց: Այս տեսակետն ամրապնդվում է նրանով, որ հիվանդները հաճախ նշում են, որ դժվար են լաց լինում: Բացի դա՝ նոպան ավարտվում է, երբ անձն իր հույզերը կարողանում է արտահայտել լացի միջոցով: Նաև վիճակը լավանում է, երբ անձը խոստովանում է մի բան, ինչի համար մեղքի զգացում ունի: Խոսքը նույնպես, ինչպես և լացը, կապված է շնչառության հետ: Հետևապես խոսքի միջոցով մեծահասակը հասնում է նույն արդյունքին, ինչին նորածինը` լացով:

    2. Սրտանոթայնին համակարգի խանգարումներ

Այս խանգարումների համար սպեցիֆիկ հուզական գործոններն են քրոնիկ տագնապը և անընդհատ ճնշվող ագրեսիվ իմպուլսները: Ագրեսիան մեծացնում է տագնապը, իսկ տագնապն իր հերթին ուժեղացնում է ագրեսիան` ստեղծելով նևրոտիկ, արատավոր շրջան: Հոգեսոմատիկ կոմպոտենտները բնորոշ են էսենցիալ հիպերտոնիային, սրտի իշեմիկ հիվանդությանը, սրտի ռիթմի խանգարումներին, կարդիոնևրոզին: Էսենցիալ հիպերտոնիան զարկերակային ճնշման քրոնիկ բարձրացումն է առանց օրգանական շեղումների: Հիպերտոնիկի ամենաբնորոշ առանձնահատկությունն ագրեսիվ իմպուլսները արտահայտելու անկարողությունն է: Առկա ներանձնային կոնֆլիկտը վերաբերում է ագրեսիվ հակումներին և կախվածության մեջ լինելու ցանկությանը: Հիպերտոնիան պայմանավորված է մի կողմից մարդու՝ թշնամանքը բացահայտ արտահայտելու ցանկությամբ, մյուս կողմից հանդես է գալիս պասիվ և ադապտատիվ վարք ցուցաբերելու պահանջմունքով: Այս ամենն առաջացնում է տագնապ, ինչի հետևանքով ագրեսիան և բացասական հույզերը ճնշվում են: Դա էլ հանգեցնում է արտերիալ ճնշման բարձրացմանը: Սրտանոթային համակարգի խանգարումների ընդհանուր հոգեդինամիկ նկարագիրը հետևյալն է. ագրեսիա, մրցակցային տենդենցներ, անհաջողություն, վախ, կախվածության մեջ գտնվելու ցանկության ուժեղացում, թերարժեքություն, ագրեսիա, մրցակցային տենդենցների վերաակտիվացում, տագնապ և թշնամական իմպուլսների ճնշում, արտերիալ հիպերտոնիա:

    3. Մաշկային հիվանդություններ

Մաշկը մի շարք բնութագրիչ կողմեր ունի.

1. Այն հույզերի արտահայտման ամենազգայուն օրգաններից է:

2. Այն պաշտպանական ֆունկցիա է կատարում: Լինելով մարմնի արտաքին թաղանթը` մաշկը վերլուծում է արտաքին գրգիռները և անհրաժեշտության դեպքում չեզոքացնում դրանք:

3. Մաշկը կարևոր էրոգեն գոտի է:

4. Որպես օրգանիզմի արտաքին թաղանթ,դրա տեսանելի մաս` մաշկն արտահայտում է էքսգիբիցիոնիզմի շուրջ կոնֆլիկտը:

5 Մաշկային ռեակցիան կապված է տագնապի հետ:

6. Ցավի զգացումը նույնպես կապված է մաշկի հետ, հետևաբար մազոխիստական տենդենցները սիմվոլիկ ձևով ևս կապվում են սրա հետ: Մաշկի դասական հոգեսոմատիկ խանգարումները` նեյրոդերմիտը, էկզեման, փսիորիազը, քորը, ցանը առաջանում են վերոհիշյալ առանձնահատկությունների հիպեր կամ փերֆունկցիաների հետևանքով: Մաշկային հիվանդությունների հիմքում, որպես կանոն, ընկած է մանկական տրավման, որպես մոր հետ փոխհարաբերությունների խանգարման արդյունք: Հիվանդների մայրերը կամ ենթագիտակցական թշնամանքով են վերաբերվել իրենց կամ վատ են խնամել` խուսափելով մաշկայի կոնտակտից: Արդյունքում երեխայի հոգեկանում առաջանում է ներհոգեկան կոնֆլիկտ ագրեսիվ իմպուլսների և մորից կախվածության մեջ լինելու ցանկության միջև, որն արտահայտվում է մաշկի միջոցով և որը հոգեվերլուծության մեջ կոչվում է վերնամաշկի լիբիդոզային բեռնավորում: Մաշկային խանգարումները կապված են նաև միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների հետ, երբ անձը դրսևորում է ուժեղ զգացմունքներ, սպասումներ, ձգտում է մտերմիկ հարաբերությունների, սակայն այդ ամենը չի իրականացվում կամ անձի ամբիվալենտության կամ շրջապատի մերժման հետևանքով: Այս կոնֆլիկտում անձը ձգտում է ցուցադրել իր մարմնական կողմը, հետևաբար նաև արտահայտել իր էքսգիբիցիոնիստական հակումները: Դրանց միանում են սադոմազոխիստական տենդենցները և որպես արդյունք առաջանում է մեղքի զգացում: Ստացվում է, որ մաշկն, օգտագործվելով որպես էքսգիբիցիոնիզմի միջոց, դառնում է հիվանդության օբյեկտ:

    4.Էնդոկրին համակարգի խանգարումներ

Այս համակարգը պատասխանատու է հորմոնների արտադրության համար և հոգեբանական տեսանկյունից որոշում է անձի ընդհանուր բավարարվածությունը: Էնդոկրին համակարգի հոգեսոմատիկ խանգարումներն են շաքարային դիաբետն և տիրեոտոքսիկոզը: Առաջինի խանգարման դեպքում առկա է բազային կոնֆլիկտ՝ կապված սնունդ ընդունելու հետ, որն արտահայտվում է ագրեսիվ օրալային տենդենցների միջոցով: Դիաբետիկները հակված են ռեգրեսի, դեպի ինֆանտիլ կախվածության դիրքորոշումը, սակայն դրա հետ մեկտեղ նրանք պասիվ են և ադեկվատ չեն իրենց հակազդումներում, ինչի հետևանքով քրոնիկ անբավարարվածության վիճակում են գտնվում: Սա հանգեցնում է նրան, որ անձն իր ողջ կյանքը կազմակերպում է իր հիվանդության շուրջ: Այսինքն դիաբետը դառնում է կենսաձև: Տիրեոքսիկոզն առաջանում է վահանաձև գեղձի հիպեր կամ թերֆունկցիաների հետևանքով: Հիվանդության հոգեդինամիկ աղբյուրը պաշտպանվածության զգացումի բացակայություն է վաղ մանկության տարիքում և երեխայի պահանջմունքների ֆրուստրացիան ծնողների կողմից: Արդյունքում երեխան ժամանակից շուտ իդենտիֆիկացվում է ծնողներից մեկի՝ հատկապես մոր հետ. <<Եթե ես չեմ կարող լինել ծնողիս կողքին, ապա պետք է դառնամ նրա նման, որպեսզի կարողանամ գոյություն ունենալ առանց նրա>>: Սակայն այս վաղ իդենտիֆիկացիան գերազանցում է անհատի ֆիզիկական և հոգեկան հնարավորությունները և հանգեցնում ներքին լարվածության,տագնապի:

Այսպիսով՝ տիրեոտոքսիկոզի հոգեդինամիկական նկարագիրը հետևյալն է՝ կախվածության ցանկության ֆրուստրացիա և անպաշտպանվածություն, կախվածության օբյեկտի հետ վաղ, անհաջող իդենտիֆիկացիա, ինքնահաստատման և շրջապատին օգնելու ձգտում, անհաջողություն, տիրեոքսիկոզ:

    5. Հենաշարժողական համակարգի խանգարումներ

Այս համակարգի հոգեսոմատիկ խանգարումն է ռևմատոիդ արտրիտը: Հիվանդության հիմքում ընկած են ագրեսիվ իմպուլսները, արտամղումը, դոմինանտության հասնելու ձգտումը, մազոխիստական դրսևորումները ինքնազոհողության, շրջապատի հանդեպ չափազանց հոգատարության ձևով: Կանանց հատուկ է կանացի դերի մերժումը, որը հոգեվերլուծության մեջ կոչվում է բողոքի մասկուլին ռեակցիա: Հիվանդությունը պայմանավորող ագրեսիվ իմպուլսները նրանց մոտ արտահայտում են անգիտակցական բողոք` ուղղված մորը: Ընհանրացնելով այս ամենը՝ կարող ենք նշել հիվանդության հոգեդինամիկ նկարագիրը. ծնողների կողմից սահմանափակումները և միևնույն ժամանակ հիպերխնամքը մանկության ժամանակ, բողոք` ուղղված ծնողներից մեկի դեմ, բողոքի ճնշում ծնողներից կախվածության մեջ գտնվելու միջոցով, բողոքի արտահայտում ֆիզիկական ակտիվության միջոցով, դեռահասության շրջանում թշնամանքի արտահայտումն ինքնազողության, շրջապատին կառավարելու, անհաջություն, մկանային տոնուսի բարձրացում, արտրիտ:

    6. Մարսողական համակարգի խանգարումներ

Այս համակարգի հիմնական ֆունկցիաներն են կլանումը և արտազատումը: Վաղ մանկության ժամանակ այս երկու պրոցեսներն են որոշում երեխայի հուզական կյանքը և կապը արտաքին աշխարհի հետ: Հաճախ սնման պրոցեսը հասուն անհատին տալիս է ոչ միայն հագեցվածության, այլև պաշտպանվածության, անվտանգության զգացում: Վերջապես շատերի համար այս պրոցեսը բավարավածության հասնելու միակ միջոցն է հանդիսանում, սակայն վերոհիշյալ պահանջմունքը ֆրուստրացվում է, ինչի հետևանքով էլ զարգանում են հոգեսոմատիկ հիվանդություներ: Դրանցից է տասներկու մատնյա աղիքի խոցը, որին հատուկ է ներքին կոնֆլիկտ կախվածության ինֆանտիլ ցանկության և հասուն էգոի անկախության ձգտման միջև: Արդյունքում տեղի է ունենում ռեգրես. կախվածության ցանկությունը վերածվում է կերակրված լինելու ցանկության: Խոցային հիվանդության պաթոգենեզի մեջ կենտրոնական գործոնը կախվածության, օրալային ցանկության ֆրուստրացիան է: Չգտնելով իրենց բավարարումն արտաքին աշխարհում` դրանք ստեղծում են քրոնիկ հուզական լարվածություն, որն սպեցիֆիկ կերպով ներգործում է մարսողական համակարգի վրա:

    7. Խոցային կոլիտ

Հայտնի յոթնյակի մեջ մտնում է նաև խոցային կոլիտը: Հաճախ այն դիտարկվում է որպես մելանխոլիայի սոմատիկ էկվիվալենտ,որին հատուկ են աուտոդեստրուկտիվ սուիցիդալ տենդենցներ: Ալեքսանդրի բնորոշմամբ խոցային կոլիտն աղիքային ինքնասպանությունն է: Արտաքուստ այս անձինք նյարդային են, բռնկուն, շատ զգայուն, հակված են կպչունության: Բազային կոնֆլիկտն անինքնավստահությունն է, սիմվոլիկ ձևով արտահայտում է անցյալի խնդիրներից արագ հրաժարում: Խնդիրն առաջ է գալիս ծնողների չափից դուրս պահանջկոտության հետևանքով, որի հետևանքով առաջանում է պարտության և ճնշվածության զգացում, ձևավորվում է անվստահություն: Անձն ունի չբավարաված սիրո և քնքշանքի պահանջմունք:

Հեղինակ՝ կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով